Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Գծած չկա, իսկ նախագծա՞ծ

Գծած չկա, իսկ նախագծա՞ծ
14.03.2017 | 23:39

Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իսպանական EFE գործակալությանը հարցազրույց է տվել և անդրադարձել է 2018-ից հետո իր գործունեությանը. «Անկեղծորեն եմ ասում, որ գծած որևէ պլան չկա»: Նաև հավուր պատշաճի ասել է՝ լավ կլինի, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իր գլխավորած կուսակցությունը հաջողության հասնի: «Եվ այդ պարագայում, վստահ եղեք, որ մեր վարչապետի թեկնածուն լինելու է այսօրվա գործող վարչապետը»՝ չգիտես ինչու իսպանացիներին վստահեցրել է ՀՀ նախագահը, կարծես նրանց համար մեկ չէ, թե ով է Հայաստանի վարչապետը: Եվ հայերի նման նրանք էլ գիշեր-ցերեկ վարչապետ են որոնում ու գտնում են միայն մեկին՝ Կարեն Կարապետյանին, որ այսօր միայն աշխատանքային ժամերին է վարչապետ, իսկ մնացած ժամանակը նվիրում է ՀՀԿ-ի համար քարոզելուն: Ինչպես նախորդ ընտրություններում՝ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն քաղաքական նոր մշակույթ է բերել, որ ոչ ոք չի արձանագրում՝ ընտրարշավը միայնակ վարելով հաղթելու: Խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական կտա: Հետո նորից հրաժարական կտա՝ 2018-ի ապրիլին: Այսինքն՝ եթե ՀՀԿ-ն հաղթի խորհրդարանական ընտրություններում, Կարեն Կարապետյանը, այնուամենայնիվ, երկու հրաժարականի միջով պիտի անցնի: Առաջինից հետո ամեն ինչ հայտնի է, իսկ երկրորդի՞ց:


Երկրորդից հետո՝ նույնպես: Գործնականում գործարքը կնքված է, մնում է վավերացումը: Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա պաշտոնական այցից վերադարձավ 300 միլիարդի խոստումով, դա Կրեմլի հաստատումն էր՝ որևէ երկրի գործարար, ինչ ազգության էլ լինի, այդքան գումար չի կարող շրջանառությունից հանել՝ առանց իր երկրի կառավարության գիտության: Մոսկվան ոչինչ հենց այնպես չի տալիս՝ Կարեն Կարապետյան վարչապետի հաջողության երաշխիքը տնտեսության տեղաշարժը կլինի, իսկ դա փող է պահանջում՝ ներդրում: Բայց փողն էլ պայմաններ ունի՝ տրվում է նրան, ով պիտի մնա:
Սերժ Սարգսյանը Մոսկվայի հետ հաջողությամբ խաղարկեց Ռոբերտ Քոչարյանի չվերադառնալու պարտիան, ինչը երկրորդ նախագահը հաստատեց իր
վերջին մեկ հարց ու մեկ պատասխանով: Բայց Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյան չէր լինի, եթե վերջին խոսքը իրեն չպահեր՝ զգո՞ւմ եք՝ ինչքան փոխվել է Սեյրան Օհանյանի ելույթների տոնը՝ ծեծկռտուքների ու կրակոցների մեջ հին հիշողություններ չե՞ն արթնանում՝ ծանոթ ձեռագիր չե՞ք տեսնում:


Երկրորդ պարտիան Սերժ Սարգսյանը պիտի խաղարկի արդեն 2018-ի ապրիլին, և չի բացառվում, որ նա իր խոսքի տերը լինի՝ ոչ նախագահ, ոչ ԱԺ նախագահ, ոչ վարչապետ, բայց մնա քաղաքականության մեջ ու բարձր պաշտոնում՝ իսկ «տուժողը» լինի Վիգեն Սարգսյանը: Ինչո՞վ տարբերակ չէ: Գծած չէ, բայց նախագծած է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կվերադառնա Սերժ Սարգսյանը Մոսկվայից և կհամոզվեք:

Դիտվել է՝ 1447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ